Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Դիրքորոշումը չի փոխվել

Դիրքորոշումը չի փոխվել
28.04.2009 | 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ
«ՍԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է»
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Օրերս ստորագրված «ճանապարհային քարտեզը» խիստ անհանգստություն առաջացրեց մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ ՀՅԴ-ն այնքան մեծ վտանգ տեսավ այդ փաստաթղթում, որ որոշեց կոալիցիայից դուրս գալ։ Ձեր դիտարկմամբ` ի՞նչ վտանգներ ունի «անթեղած» այս համաձայնագիրը։
-«Ճանապարհային քարտեզի» մասին Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել (ավելի ուշ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում ծավալուն պարզաբանումներով, այնուամենայնիվ, հանդես եկավ- Ռ. Խ.), սակայն իմ ունեցած տեղեկություններով այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մեզ համար։ Ընդամենը կարելի է ողջունել նման համաձայնագիրը։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբն է։ Հարկ է նշել, որ սա միայն Հայաստանի և Թուրքիայի խնդիրը չէ, պարզապես անհրաժեշտ էր տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծել։ Շվեյցարիայի միջնորդությունը կայանում էր նրանում, որ այս սահմանը համարվում է նաև Եվրոպայի սահման։ Սա նաև լրացուցիչ խթան կլինի Թուրքիայի համար Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին։ Կան Կարսի պայմանագրի և այլ հարցերի շուրջ հայտարարություններ, որոնք, համոզված եմ, ներառված չեն այդ պայմանագրում։
-Խոսքը թուրքական «Սաբահ» թերթի հրապարակած հինգ կետերի մասի՞ն է։
-Այո։ Թուրքական մամուլը դա հրապարակել է` ելնելով որոշակի տեղեկատվությունից, սակայն Թուրքիայում ևս պաշտոնական նման տեղեկատվություն չի եղել։ Դա հեռու է իրականությունից։ Մինչև իշխանությունները պաշտոնապես փաստաթուղթը չհրապարակեն, այդ մասին խոսելն անիմաստ է։ Երբ փաստաթուղթը հրապարակային դառնա, ու եթե մենք այնտեղ տեսնեք Հայաստանի շահերին վնասող ինչ-որ կետ, ապա առաջինը ՀՀԿ-ն այն թույլ չի տա իրականացնել, կամ մի՞թե հանրապետության նախագահը Հայաստանի շահերին վնասող քայլերի կգնա։ Հիմնականում երկու հարց է շահարկվում` ԼՂ-ի և ցեղասպանության, ինչի առնչությամբ ՀՀ նախագահը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։
-Կարելի՞ է արձանագրել, որ այս փաստաթղթով սահմանի բացումը իրականություն կդառնա մոտ ապագայում։
-Սա առաջին քայլն է։ Չեմ կարծում, որ գործընթացը շատ հանգիստ ու հարթ է ընթանալու, լինելու են նաև խոչընդոտներ։ Չեմ ուզում ո՛չ հոռետես, ո՛չ էլ բացարձակ լավատես լինել ու ասել, որ փաստաթղթի ստորագրումից հետո կլինի երկկողմանի երթևեկություն և այլն։
-Փաստորեն, Ձեր լավատեսությունը չի կիսում ՀՅԴ-ն, որը որոշեց կոալիցիան լքել։ Արդյո՞ք կոալիցիան չի թուլանա դաշնակցության այս քայլի պատճառով։
-Ես շատ ցավում ու ափսոսում եմ, որ դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, քանի որ նախագահական ընտրություններից հետո դաշնակցությունը ձեռք մեկնեց իշխանությանը, ու մեկ տարվա ընթացքում մենք համատեղ աշխատել ենք, շատ հարցերում նրանք ունեն իրենց ներդրումը։ Կարծում եմ` ՀՅԴ-ն, լինելով այլընտրանքային ընդդիմություն, կլինի կառուցողական, կգործի ի շահ մեր պետության։ Ի վերջո, դաշնակցությունն ունի մեծ պատմություն և մեր ժողովրդի կյանքում կարևորագույն դեր է խաղացել։
-Խորհրդարանում մեծանում է ընդդիմադիր պատգամավորների թիվը։ Մեծամասնության համար դժվար չի՞ լինելու աշխատելը։
-Կարծում եմ` ԱԺ-ում ավելի ակտիվ քաղաքական բանավեճեր կլինեն և՛ օրենքների ընդունման, և՛ քննարկումների ժամանակ։ Այս անգամ դաշնակցությունն իր ընդդիմադիր խոսքը կասի այդ գործընթացների ժամանակ։ Երբ երկրում ընդդիմությունը շատ թույլ է, քաղաքական դաշտում հավասարակշռությունը խախտվում է, ուստի հարկավոր է ուժեղ ընդդիմություն, որպեսզի քաղաքական գործընթացները ճիշտ հունով գնան։
«Ո՛Չ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ, Ո՛Չ ԷԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ԱՅՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Հանրապետականը «ճանապարհային քարտեզի» ստորագրումն ինչպե՞ս է գնահատում։
-Մենք մեկնաբանում ենք միայն փաստը, իսկ փաստն այն է, որ ՀՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ասաց, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում ենք առանց նախապայմանների։ Ավելին, տարբեր հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում նախագահն իր այս կարծիքը վերահաստատել է ու նաև վրդովմունք հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն արտահայտության առնչությամբ, թե ղարաբաղյան հարցը պետք է լինի նախապայման հայ-թուրքական հարաբերություններում։ Ավելի հրապարակային ու բաց գործընթաց ես չեմ պատկերացնում։ Հանրապետականները տարիներ շարունակ ասել են, որ այս հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների են տեսնում, ու այս դիրքորոշումը, տեսակետը չեն փոխվել։
-Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական ուղեգծում դաշնակցությունը փոփոխություն տեսավ ու որոշեց չշարունակել կոալիցիոն գործընկերների հետ իր համագործակցությունը։
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Ճիշտ է, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նրանց տեսակետը ես չեմ կիսում, բայց դա իրենց կարծիքն է։ Երկրորդեմ` ո՛չ հանրապետականների և ո՛չ էլ ՀՀ նախագահի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։
-Եթե նույնն է մնացել, ինչո՞ւ է դաշնակցությունը նոր միայն դա նկատում։
-Այդ հարցն ուղղեք դաշնակցականներին։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ